ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 Հայկական Բարձրաւանդակը Խաղաղականից մինչեւ Ատլանտեան Ովկիանիոս երկարող եւ ասիական ու եւրացամաքամասերի կենտրոնական մարզերն ընդգրկող «Մեծ Սարահարթ»-ի իւրաբնոյթ մի հանգոյցն է: 

    Գէոսոֆիական, աշխարհագրական եւ մարդաբանական տեսակէտներով, հսկայ այս սարահարթը ճակատագրական իր կնիքն է դրել բովանդակ աշխարհի բնութեան եւ պատմութեան վրայ: 
    Դա է մեր մոլորակի երկրաբանական դինամիկայի ամենահուժկու մարզը – հրաբխային ցնցումների, երկրաշարժերի մեծ գիծը: 
    Դա է Հին Աշխարհի «այրեցեալ» եւ «սառուցեալ» գօտիների բնական բաժանիչը, դա է ընդհանուր իմաստով ինքը` «բարեխառն» գօտին: 
    Դա է բնական օրրանը սպիտակ ցեղի: Դա է ընդհանուր կերպով իրարից բաժանում դեղինների եւ սեւերի ցեղաշխարհները: 
    Այս սարահարթում բացառիկ դիրք է գրաւում մեր երկիրը – Հայոց Աշխարհը: 
    Երկրաբանական ուժական տեսակէտով, Հայկական Բարձրաւանդակը Մեծ Սարահարթի կենտրոնական հնոցն է: Նա գտնւում է Մեծ Սարահարթի ծայրամասային հրաբխական երկու մարզերի – Ճաբոնական կղզիների եւ Իսլանդիայի – գրեթէ մէջտեղում: 
    Երկրաբանօրէն` նա աշխարհի ամենաերիտասարդ մի մասն է, որի բնական լինելիութիւնը դեռ շարունակւում է: 
    Աշխարհագրօրէն` նա ընդհանրապէս կենտրոնն է Մեծ Սարահարթի, որի արեւելքից արեւմուտք ձգւող լեռնապատերը ծայրամիտելով ու զօդւելով, կազմում են, իրարից գրեթէ հաւասար հեռաւորութեան վրայ ընկած, լեռնային երեք բաւիղներ – Կարակորում, Արարատ, Մոն-Բլան: 
    Դրանցից ամենամեծը – Հինդուկուշ-Պամիրի Կարակորումը – ունի ցայտուն ասիական բնութիւն եւ իր շուրջը համախմբում է Ասիան: Ամենից փոքրը – ալպեան Մոն-Բլանը – մարմնացնում է Եւրոպայի բնութեան առանձնայատկութիւնները եւ ընդհանրապէս ձեւացնում Եւրոպան: Սրանց մէջտեղում կարկառւում է հայկական Արարատը – բովանդակ աշխարհի ամենամեծ միազանգ կոնը – ուր մեղմանում են Կարակորումի խիստ եւ շեշտւում են Մոն-Բլանի մեղմ բնագծերը: 
    Միւս կողմից` Հայկական Բարձրաւանդակում Մեծ Սարահարթը խաչաձեւում են հիւսիսից հարաւ իջնող ա՛յն լեռները, որոնք որոշում են Եւր-Ասիայի եւ Աֆր-Ասիայի բնութիւնները: 
    Այս իրողութիւնները, շատ տեսակէտներով, կնքում են Արարատի շուրջը տարածւող Հայկական Բարձրաւանդակի բնանկարը, ինչպէս նաեւ պայմանաւորում իրերի տրամաբանութեան ազդեցութիւնը` այստեղ արտայայտութիւն ստացած պատմական հոլովոյթների վրայ: 
    Մեր բարձրաւանդակը ներկայացնում է մի բնամարզ, ուր համադրւելով` անճանաչելի դառնալու աստիճան կերպարանափոխւում են եւ հակադրուելով` սպառւելու աստիճան աղօտւում են զուտ եւրոպական, ասիական կամ Եւր-Ասիական ու Աֆր-Ասիական բնագծերը: 
    Հայաստանն այս բոլորի նկատմամբ ե՛ւ կամուրջ է, ե՛ւ վիհ: Նա ե՛ւ համաձուլում է այս բնագծերը, ե՛ւ դրանք բաժանում իրարից, ե՛ւ տարբերւում դրանցից: 
    Իր այսորակ տրոհական, միացուցիչ եւ անջատական դերն ու դիրքը` Հայաստանը պահում է նաեւ շրջակայ երկրամասերի նկատմամբ: 
    Հայաստան են թափանցում փոքր-ասիական եւ իրանական սարահարթերի եւ միջագետեան ու մերձ-կասպեան հարթաշխարհների որոշ բնագծերը: Մեր հայրենիքը մի մարզ է, ուր ինչպէս Լինչն է նկատում` «միանում են շրջակայ երկիրների բնական իրականութիւնները»: 
    Աշխարհի չորս կողմերից արշաւող այս «իրականութիւններ»-ը մէկ կողմից զիրար խաչաձեւելով կամ միմեանց դէմ մաքառելով երկրին տալիս են խայտանկարային մի պատկեր, միւս կողմից, իրար հակազդելով կամ ենթարկւելով Հայաստանի բնութեան իւրայատուկ քմահաճոյքին` սերտօրէն համաձուլւում են բնականի մի ամբողջականութեան մէջ: 
    Իր բնութեան ներձուլողական վիթխարի կարողականութեան շնորհիւ` մեր երկիրը ինքնարձանանում է իբր հակադիր բազմազանութեանց ներդաշնակումի իւրատիպ մի մարզ: Այս ինքնուրոյն ներդաշնակութիւնը մեր երկրին պարգեւում է ամբողջական ու միացեալ մի նկարագիր: 
    Արդէն իր յարաբերական բարձրութեամբ-500-1000 մետր – փոքր-ասիական եւ իրանական սարահարթների նկատմամբ, իր տանիքակերպ կարկառումով ընդդէմ Միջագետեան եւ մերձկասպեան հարթաստանների` Հայաստանն երկրաբանօրէն, աշխարհագրօրէն, կլիմայով եւ տնտեսապէս խստօրէն զատորոշւում է իր շրջապատից: 
    Մեր Բարձրաւանդակը հրաբխային մեծ կոների եւ հանգոյցների, փարթամօրէն ճիւղաւորւող զուգընթաց լեռնապարերի եւ աշխոյժ տարհովտումի մի աշխարհ է: Նա զուրկ է մեծ հարթավայրերից եւ ջրային ընդարձակ մակերեսներից: Նրա բնանկարը դիմորոշում են չափաւոր մեծութեան բարձրադիր հովիտները, պատշաճաւոր վեհութեան հասնող գագաթները, խոր կիրճերը, մանր լճերի ցանցերը եւ ոչ-հսկայահոս, բայց բազմաթիւ ու կայտառավազ ջրերակները: 
    Երկու բան, յատկապէս, խորհրդաւորում են մեր երկրի բնութիւնը – հրաբխային կոնը եւ աղբիւրը, որոնցից մէկի վեհութիւնը եւ միւսի քաղցրութիւնը միայն Հայաստանում կարելի է տեսնել եւ զգալ: 
    Խտացնելով ասենք.
    ա) Հայկական Բարձրաւանդակը ներկայացնում է Մեծ Սարահարթի երկրաբանական ուժականութեան կենտրոնական մարզը: 
    բ) Նա գտնւում է մի կողմից եւրոպական եւ ասիական բնութիւնները մարմնացնող Ալպերի եւ Պամիրի, միւս կողմից` Աֆր-Ասիան եւ Եւր-Ասիան կերպարանաւորող Եթովպիական Բարձրաւանդակի եւ Ուրալի միջեւ: 
    գ) Իր բնական առանձնայատկութիւններով` նա տարբերւում է աշխարհագրական բոլոր այս միջավայրերից: 
    դ) Արեւելքից արեւմուտք նա իրար է կցում իրանական արիների եւ արմենօիդ-դինարեան-ալպեան ցեղի հայրենիքները, հիւսիսից հարաւ` նա միմեանցից բաժանում է զուտ կովկասեան եւ միջերկրականեան ցեղերի, մանաւանդ մոնգոլների եւ սեմական ժողովուրդների աշխարհները: 
    Այս ասել է.
    ա) Երկրաբանական իմաստով մեր երկիրը հաւասարապէս պատկանում է ե՛ւ Ասիային, ե՛ւ Եւրոպային: 
    բ) Իր բնութեամբ նա ո՛չ զուտ Ասիա է, ո՛չ Եւրոպա, ո՛չ մանաւանդ Աֆր-Ասիա (ուրիշ եզրով` Մերձաւոր Արեւելք), ո՛չ էլ Եւր-Ասիա: 
    գ) Իր աշխարհագրական դիրքով նա սահմանաւորում է Մերձաւոր Արեւելքը, որ սպառւում է Հայկական Տաւրոսի արտաքին պատերի տակ եւ Եւր-Ասիան, որ վերջանում է Հայկական Կովկասի հիւսիսային լանջերի առջեւ: Միւս կողմից նա իրար է զօդում Մեծ Սարահարթի ասիական եւ եւրոպական մասերը, որով` հանդիսանում է այս ցամաքամասերից մէկի ծայրը եւ միւսի` սկիզբը: Աշխարհագրական կոպիտ եւ միակողմանի հասկացողութեամբ միայն Հայաստանը կարելի է դասել ասիական երկրների շարքում: Երկրաչափական ըմբռնումով` նա ընկնում է Եւր-Ասիական եւ Աֆր-Ասիական գծի վրայ, բնութեամբ` նա աւելի Ալպերին է մօտ, քան Պամիրին, աւելի Բալկաններին, քան Իրանական Սարահարթին, Կովկասին, Լիբանանին եւ Միջագետքին: 
    Հայաստանն որոշ իմաստով միայն Ասիա է եւ որոշ` Եւրոպա. իրականում` նա ո՛չ նրան է պատկանում, ո՛չ սրան: Իր բնութեամբ եւ աշխարհագրական դիրքով նա յաւիտենական մի կռւախնձոր է Ասիայի եւ Եւրոպայի միջեւ, բայց նաեւ` բնական անհատականութեան ինքնատիպ մի մարզ, ցցւած ե՛ւ մէկի, ե՛ւ միւսի դէմ: 
    դ) Հայկական բարձրաւանդակի բնիկները չունեն ուղիղ գծի ցեղակցութիւն շրջակայ երկիրների ժողովուրդների հետ: Նման իրենց երկրի բնութեան, նրանք ցեղային մի գծով կապւում են Եւրոպային, միւսով` իրանական արիներին: Հայերը ցեղակիցներ ունեն, ազգակիցներ չունեն: Իբրեւ ազգութիւն մենք էլ մեր բարձրաւանդակի պէս մնացինք ինքնատիպ անհատականութիւն, Եւրոպայի եւ Ասիայի հակամարտ ազդեցութիւնների միջեւ, մերթ ընդվզեցինք երկուսի դէմ` միաժամանակ, մերթ նրա հետ եղանք, մերթ սրա, բայց ո՛չ մենք յաջողեցինք դրանց ծունկի բերել, ո՛չ էլ դրանցից մէկն ու մէկը կարողացաւ մեզ կլանել: 
    Այդ յաւիտենական պայքարը-պայքար աշխարհագրական իրականութիւնների, պայքար ցեղերի, հոգեբանութիւնների – այսօր ընթանում է մեզ համար աննպաստ պայմաններում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: