ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ» ՄԱՍ-5

(ՄԱՍ-5) Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու ախշատուժի կիրառմամբ վաստակած դրամի»: «Այդպիսի մարդիկ շատ են,- ասացի ես,- հայերը բացառություն չեն»: «Ես տեսնում եմ, որ դուք դեռ չեք ընկալում իմ հայացքները,- պատասխանեց նա:- Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը: Դա նրանց իդեալն է: Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող: Անվնաս են նրանք: Նրանք ցանկանում են միայն ծախսել: Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող:
Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»: Նա կրկին ինձ էր թողնում եզրակացությունը: Բայց ես չէի ուզում ասել և խթանեցի նրան շարունակել:
«Ուրեմն,- դիմադրեցի ես,- դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Երկու հարց է ծագում. Ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի: Եվ ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»: «Օ՜,- ասաց նա,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա»:
«Ուրեմն դա կլուծի բրիտանական գործնական խնդիրը,- ասացի ես:- Գանք իդեալիստական, ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ»: Նա չպատասխանեց: Նրա բրիտանական հումորը կամ դիվանագիտական զգուշավորությունը կամ ինչ-որ ուրիշ բան, չէր թողնում նրան ասել: Խուսափելով` խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում: «Դուք չեք գիտակցում,- եզրակացրեց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է օտար ժողովուրդ կառավարելը»: «Դուք սխալվում եք»,- ասացի ես ջղագրգիռ ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտի մեզ: «Դուք ճիշտ չեք տեղեկացված իմ ժողովրդի մասին,- հայտարարեցի,- որքան, ըստ ձեզ, մենք` եվրոպացիների, թուրքերի, հայերի և մյուսների մասին»:
Ես ի ցույց բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սանդվիչյան կղզիները, բոլոր այն օտար երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Եվ ես հիշեցրի նրան, որ ամեն տեսակ օտարականներ կան հենց մեր երկրի կենտրոնում: Մենք ստիպել ենք աշխատել նույնիսկ հայերին: Մենք էլ մեր սև գործն ենք արել, ինչպես ցանկացած կառավարություն երկրագնդի վրա` չբացառելով բրիտանացիներին էլ, և համոզելու համար նրան, որ մենք գործնական ենք, պատմեցի օտար աշխատուժի մասին Նոր Անգլիայում, Հարավում, Արևմուտքում, ամենուր: Բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին` ամերիկյան հնդկացիներին:
Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ: «Ահա այդ է,- բացականչեց նա:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունն է պետք է հայերի հետ հարաբերություններում»: Ես անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ինչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, և նա պատասխանեց, թե իր հասկացածով` մենք «ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ: Այնպես չէ՞»: Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: Ու հաճույքով: «Եվ այսպես,- ասացի ես երկար դադարից հետո,- դուք կարծում եք հենց այդպես պետք է վարվենք հայերի հետ. պետք է ոչնչացնենք նրանց բոլորին էլ, գլխովին»:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ուղղեց նա:- Ինչպե՞ս եք դուք` լրագրողներդ, սխալ հասկանում և սխալ մեջբերում»: Նա բոլորովին էլ դա նկատի չուներ որպես քաղաքականություն: Նա գիտեր, որ մենք դրան ընդունակ չենք: Ի՞նչ պետք է անենք: Նա չասաց: Նա պտտվում էր հարցի շուրջ: Հոգնեցուցիչ էր: Բայց ես վերջապես խայծը կուլ տվեցի: Նա ստիպեց ինձ արտահայտվել և չուղղեց: Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված գնանք բնաջնջելու հայերին: Ոչ մի դեպքում: Նա միայն հավատում է, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո մենք կգանք դրան: Եվ կանենք դա շատ լավ` չթողնելով ո՛չ Ադամ, ո՛չ Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s