ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ. «ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ ՀԱՅԵՐԸ» ՄԱՍ-3

(ՄԱՍ-3)Նա շփոթահար տեսք ուներ: Չգիտեի` ինչ է պատահել նրան, մինչև որ վերջապես որոշեց արտահայտվել: «Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- և անշուշտ գիտեք, որ քրիստոնյաներ են նրանք, հնագույն քրիստոնյաներ»: Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մի պահ մոռացել էի: Սակայն նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի «դարձ ի շրջանս» ինձ կատարեցի: «Բայց,- ասացի,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը՝ լինի անհատի, լինի ազգի համար. աշխատանք՝ համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու համար»:
«Հայեը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Դա է ցավոտ կետը ձեր ծրագրի և հայերի: Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած՝ կորցրել են իշխանությունը և դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն՝ նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են` բնազդական բնածին, անհուսալի:
Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից: Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց: Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կերտում են: Այս հին ժողովուրդները էվոլյուցիայի արդյունք են: Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում, աճեցնում եք ձեր հայրենիքում: Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը»:
«Մերը,- ուղղեցի ես,- ներառյալ նաև Անգլիան»: Նա շարունակեց. «Դուք` նոր ազգերդ, պետք է սովորեք հին ժողովուրդների օրինակի վրա,- կրկնեց նա,- որ նախկին մեծ ու նախկին հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական և անխուսափելի արդյունքն են արհեստական այն ընտրասերման, որը կատարվել է մի այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպներին, ճնշում զանգվածին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և աճեցնում հեզերի, խորամանկների ու համբերատարների: Որովհետև դա համապատասխանում է առևտրականի տեսակին: Արդի հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների և իրենց տհաճ հատկանիշներն այն տևական գծերն են, որ ծագում են հին հունական մշակույթից. ոչ այնպես, ինչպես մեծ, բացառիկ հույները` հռետորներ, երգիչներ, քանդակագործներ, այլ միջին հույները, որ զբաղվում էին բիզնեսով, այն հույները, որոնք Սոկրատեսին մահվան դատապարտեցին: Եգիպտացիները եգիպտական մշակույթի ամենահեռավոր հեռավոր փոքր ծոռներն են` իրենց ապուպապերի երեխայանման աշխատանքով այնքան գեղեցիկորեն կերտված Սֆինքսի հանելուկին ուշացած պատասխանը: Այսօրվա արաբն անապատի փոշին է: Նա զրկված է հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից»:
Նա կանխեց առարկությունս: «Հնադարյան հույները, եգիպտացիները, սիրիացիները, վերջապես` թուրքերը, նրանք էլ իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու նկարիչները, զորավարները, որոնք հետամնաց ժողովուրդներ էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերական ղեկավարները, որոնք աշխատանքով էին ապահովում. իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրանին, արիստոկրատները, հարուստները չհարատևեցին: Անգամ շարունակություն չունեցան: Հաջողակների, հարուստնեի, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցն անցան: Եվ աշխատողների հաջորդական սերունդներն էլ, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված և խիստ կարգուկանոնի ենթարկված, բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Հենց միջին դասն ապացուցեց և ապացուցում է, որ ունակ է վերապրելու այդ կերպ կազմակերպված հասարակության մեջ, այդ ստոր միջին դասը:
Ուստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք միայն բիզնեսմեններով բնակված, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, ո՛չ արտադրողներ: Նրանք զբաղված են գնել-ծախելով, ու սերված լինելով գնել-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որևէ տեղ առևտուր անելու, ո՛չ թե ստեղծելու, ո՛չ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Նրանց այն եղբայրները, որոնք այս բաներն էին անում, անզավակ մեռյալներ են: Ո՛չ, միայն ամենազուտ, ամենախորամանկ առևտրականներն են ապրում, և նրա՛նց ենք գտնում ամեն տեղ, ուր սողոսկում-թափանցում են: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, որոնք փերեզակություն են անում և հարստանում: Եվ ինչ վերաբերում է սիրիացիներին, հույներին, հայերին…«Եվ հրեաներին»,- հուշեցի ես: Նա անտեսեց:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s