Արարատ լեռը` տիեզերքի անտենա

Մեր հյուրն է պատմաբան Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

– Գուրգեն, Դուք ասում եք, որ հայոց պատմությունը միտումնավոր կեղծել են: Ինչո՞ւ:
– Նախ` ոչ միայն հայոց պատմությունը: Ամենաուշը Ք. ա. 4-րդ դարից սկսվել է մարդկության ողջ պատմության կեղծումը: Խնդրեմ` եթե դիտենք պատմության ընթացքը, ապա Ալեքսանդր Մակեդոնացու կողմից նրա արշավանքների սկզբնական շրջանում ոչնչացվեց զրադաշտյան ողջ գրականությունը` 2000-ից ավելի սրբազան գրքեր: Ոչնչացվեց արիական մշակույթը` քրմերով հանդերձ: Մակեդոնացուց հետո մնացին միայն պատառիկներ: (Բայց գոնե հետագայում հիմնադրվեց Ալեքսանդրիայի գրադարանը, և դրանք հավաքվեցին այնտեղ): Ապա` խնդրեմ, ոչնչացվեց Պերգամենի գրադարանը: Ոչնչացվեց հայկական ողջ մշակույթը` առաջին քրիստոնյաների կողմից: Հենց իրենք են նշում` այնքան գիրք են լցրել Եփրատը, որ գետը վարարել է: Խոսքը հարյուրհազարավոր ձեռագրերի մասին է: Հնդեվրոպական կամ արիական քաղաքակրթությունը ոչնչացնելու համար գլխավոր թիրախ է ընտրվել հենց մեր երկիրը: – Ո՞վ է ցանկացել ոչնչացնել: – Գոյություն ունի տիեզերական պայքարի օրենք, ինչպես` լույսը և մութը, ծնունդը և մահը, սևը և սպիտակը, որոնք էվոլյուցիոն զարգացման բաղկացուցիչներն են: Նույն կերպ` մե՛նք չէ, ամբողջ աշխարհն է երկրագունդը բաժանել Արարատի ու Անանի երկրի, այսինքն ոգեղենության` արարման երկրի և նյութականության` Անանի երկրի` իր Քանան կենտրոնով: Պայքար է ընթացել նրանց միջև: Բնականաբար նյութականության կենտրոնի կողմից էլ ընթացել են համակարգված ոչնչացման այդ գործողությունները: – Այդպես` հին ժամանակներում: Բայց Դուք նաև ասում եք, որ հատկապես վերջին 200 տարվա ընթացքում կեղծվեց հայոց պատմությունը: Դա՞ ինչու եղավ: – 1600 թվականներից մենք պետություն չունեինք և ներկայացվում էինք որպես խեղճ, տանջված ժողովուրդ: Բայց եթե հայերը չեն հավատում հայկական աղբյուրներին, ասենք` Շահամիր Շահամիրյանին, ապա թող գոնե հավատան ռուս պատմիչ Գլինկային, որն իր պատմությունը գրել է ռուսական ցարի պատվերով և հատուկ նրա համար, որպեսզի վերջինս տեղեկանա, թե ինչ երկրի տեր է դարձել` գրավելով Հայաստանը: Գլինկայի գրքում նշվում է, որ 1600-1700 թթ. Հայաստանի հայ բնակչությունը եղել է 23 միլիոն: Հայերի ձեռքին է եղել համաշխարհային առևտրի 75%-ը, ընդ որում` աղի առևտրի 90%-ը, իսկ մետաքսի առևտուրն ամբողջությամբ` 100%-ով: Այսինքն մենք աշխարհում դրամաիրային հարաբերությունների սկսման պահին գտնվել ենք առաջատար դիրքում: Բնական է, որ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հոլանդիան և մյուս երկրները չպետք է թույլ տային, որ համաշխարհային քաղաքական-տնտեսական հարաբերություններում հայ ժողովուրդը հզոր գործոն լիներ: Նրանք պետք է հայերին ներշնչեին, նաև «ապացուցեին», որ իրենք թույլ, ստրկացված ժողովուրդ են: Չինական փիլիսոփաներն են ասում` «Տիրում ես դու պատմությանը` տիրում ես ներկային, քո ձեռքին է նաև ապագան»: Այս է պատճառը, որ սկսած 1800-ական թվականներից` հայոց պատմությունն սկսվեց աղավաղվել: – Մենք հիմա պետք է նոր պատմությո՞ւն գրենք: – Պատմությունը չեն գրում: Պատմությունը ճշգրիտ գիտություն է: Այն պետք է ուսումնասիրել և հայտնագործել: – Մենք հնարավորություն ունե՞նք, կա՞ն սկզբնաղբյուրներ: – Բուլգակովը հանճարեղ միտք ունի, ասում է` ձեռագրերը չեն այրում: Բայց ցավոք` դեռևս հայտնաբերված չեն: Կան հնագիտական հսկայածավալ նորագույն հայտնագործություններ, որոնք կարող են օգտակար լինել այս գործում: Ասեմ, որ նույն պայքարը շարունակվում է: Թող որևէ մեկն ինձ բացատրի, թե ինչի համար Հայաստանի փոքրիկ հանրապետությունում ԱՄՆ-ը երեք հեկտար հողակտորի վրա հիմնեց դեսպանատուն և` հե՛նց Երևանյան լճի մետ: Այն դեպքում, երբ այդ հողերը գնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ այնտեղ պեղումների ժամանակ հայտնաբերվել էր շենգավիթյան մշակույթի շարունակությունը: Եթե 60-ականներին այդ մշակույթը հայտնաբերելու սկզբնական շրջանում ԽՍՀՄ-ը փորեց Երևանյան անիմաստ լիճը` քանդելով և ոչնչացնելով տեղանքը, ապա դրա շարունակության` նոր շերտերի հայտնաբերումը ստիպեց ԱՄՆ-ին նրա վրա շինարարություն անել: – Այսօ՞ր ինչու են Հայաստանից վախենում: Մենք շատ թույլ ենք, խոցելի ենք, փոքր ենք: – Հայաստանում և այլուր մշտապես խոսվում է հայության 10 մլն քանակության մասին: Մինչդեռ 1974 թվականին հայ առաքելական եկեղեցին իր հետևորդների շրջանում անցկացրել է մարդահամար և մոտավորապես նույն թվերը ստացել: Այս ժամանակից հետո կատակլիզմ չի եղել մեր ազգի կյանքում: Նշանակում է` այսօր նրանց թիվն արդեն ուրիշ է: Իսկ ըստ կաթոլիկ եկեղեցու տվյալների` նրա հետևորդ հայերն աշխարհում 0,5-1 մլն են: Թուրքիայի մահմեդական հայերը 3,5-5 մլն են` չհաշված Համշենի բնակչության մի ստվար մասը: Ամփոփելով այս և առկա մյուս տվյալները` կարող ենք արձանագրել, որ այսօր, կոպիտ հաշվարկներով, աշխարհում ապրում են մոտ 75 մլն հայեր, ովքեր գիտեն իրենց հայ լինելու մասին: Իսկ ըստ ՄԱԿ-ի տվյալների` տարեկան 6 տրիլիոն դոլար գումար է գտնվում ընդհանուր շրջանառության մեջ, որի ավելի քան մեկ երրորդը հայերի ձեռքին է: Հայերն ԱՄՆ-ում 3-4- րդ ազգն են` իրենց ֆինանսական ընդհանուր կարողությամբ: Այդպես և` Ռուսաստանում: Եթե մենք կարողանանք ստեղծել այն հիմքերը, որոնց վրա միավորենք մեր ազգին, կդառնանք աշխարհում եղանակ ստեղծող ազգերից մեկը: – Դուք Ձեր աշխատություններում ասում եք, որ հայերը մարդկության նախահիմքն են` նրանցից են սկիզբ առնում շատ ժողովուրդներ, հատկապես հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանողները: Ձեր տեսությունը փաստերով ամրապնդվա՞ծ է: – Այդպես մտածելու համար նախ հիմք է տալիս լեզվաբանությունը: Այսօր հայտնաբերված է ավելի քան 150 արմատ, որոնք բոլոր լեզուներում լինելով` բացատրվում են միայն հայերենով: Այդ մասին են վկայում նաև հնագիտական վերջին պեղումների արդյունքները: Հնագույն քաղաքակրթությունների հիմնական ուղղությունների բացատրությունները ևս կարելի է գտնել Հայաստանում: Սա ապացույց է, որ դրանք ձևավորվել են մեր երկրում: – Ձեր այս տեսությանը ծանո՞թ են այլազգի մասնագետները. ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը: – Իմ գրքի տպագրությունից հետո Անգլիայում Դեյվիդ Լեմ անունով կովկասագետը գրեց իր «Նարոդ սոզիդատել» աշխատությունը, որը փաստորեն, չնայած անունս չի նշվում, իմ գրքի պատասխանն է: Ես հարցադրում եմ անում, թե որն է պատճառը, որ մեր բոլոր այն հարևանները, որոնք պատմության մեջ ներկայացվում են որպես առավել քաջ, հզոր, արիական ազգեր, ոչնչացան, իսկ մենք` հայերս, կանք: Նա այս հարցին պատասխանում է այսպես` հնարավոր է և տասը հազար տարուց ավելի սողունի պես ապրել: Նույնացնում է Անաստաս Միկոյանի հետ, ով անձրևի կաթիլների արանքով քայլելով` կարողացավ մնալ Իլյիչից մինչև Իլյիչ: Բանն այն է, որ անգլիացին իմ բոլոր տեսակետների հետ համաձայն է: Ասում է, որ, այո՛, մարդկությունը ձևավորվել է Հայաստանում, բայց Հայաստանն այդպես էլ վայրենի մնաց: Այո՛, հայերն են առաջին մետաղը ձուլել, բայց, միևնույն է, զարգացումը տեղի է ունեցել Հայաստանից դուրս: Այս գիրքը, ըստ էության, նախապատրաստություն է հետագա զարգացումների համար. երբ մեր ապացույցները համաշխարհային ընդունելություն գտնեն` արդեն հակահարվածի ուղղությունը պատրաստ կլինի: – Դուք ասում եք` հայ էթնոսը արիական արժեքների անմիջական ստեղծողն է, դրանք դարձան նրա գենետիկական հիմքը: Ի վերջո, ասացեք խնդրեմ, որո՞նք են այդ արժեքները: – Արիականության տարբերակիչ գիծն այն է, որ հասարակությունը բաղկացած է անհատականություններից: Անհատն է պարտականություններ ստանձնում և նա դրանք պատրաստ է կատարել մինչև վերջ: Սրանով է, որ արիները բաժանվում-տարբերվում են հոտային մտածողություն ունեցող ժողովուրդներից: Ի դեպ պետականությունը կորցնելուց հետո մեր ժողովրդի մեջ այն վերածվել է անհատապաշտության: Մյուսը հայրենիքի նկատմամբ նրա սիրո տարբերությունն է: Արիները, իրենց համարելով Աստծո որդիներ, կարծում են, որ անմահ են: Ուստի նրանց համար կարևոր չէ մեկ կյանքի տևողությունը. պարտավոր են ապահովել սեփական տարածքի անվտանգությունը, որպեսզի վերածնվելու հնարավորություն ունենան: Դրա համար է Նիցշեն ասում` եվրոպացին էլ է սիրում հայրենիքը, բայց իր թաղը սիրող շան պես: Մյուս կարևոր հատկանիշը հայի մեծ կենսասիրությունն է: Սակայն սիրելով հանդերձ` պատրաստ է հանուն գաղափարների, թեկուզև` կեղծ, զոհել կյանքը: Այսինքն նա նաև գաղափարի նվիրյալ է: – Արիական համակարգը հակադրում եք սեմական համակարգին: Նաև` պետական կառուցվածքի առումով: Իսկ ո՞րն է դրանց տարբերությունը: – Կան հիմնարար տարբերություններ: Այդ մասին ասել է Հայկ Ասատրյանը. «Հայը աշխարհում ամենավատ ժողովուրդն է և ամենակատարյալ ազգը: Թուրքը ամենատականք ազգն է և ամանալավ ժողովուրդը»: «Ժաղովուրդ» նշանակում է ժողովված մարդկանց խումբ: Թեկուզ մարդաբանական առումով տարբեր տեսակների հավաքածու են, բայց ունեն սոցիալական ընդհանուր խնդիրների լուծման միասնական գիտակցություն: Մենք` հայերս, որպես ժողովուրդ, առայսօր չենք ձևավորվել. մեր պատմության մեջ դասակարգային պայքարի օրինակ ընդհանրապես չկա: Իսկ ազգն էթնիկական միավոր է, որի ձևավորման համար նվազագույնն անհրաժեշտ է 1215 հազար _______տարի: Ազգերն ստեղծում են ազգային պետություն, որտեղ չի կարող դասակարգային պայքար լինել: Ազգային պետությունը հենված է տիեզերական համակարգի վրա, ունի իր նյութական, հոգևոր և ոգեղեն աստիճանները: Նյութականն այն մարդիկ են, ովքեր ստեղծում են նյութական բարիքներ: Նրանք ապրում էին բարեկեցիկ և ապահով կյանքով: Հաջորդ աստիճանը հնում հայ զինվորականությունն էր` հոգեղենությունը, որն ավելի վատ էր ապրում, քան աշխատողը, բայց լինելով զգացմունքային էություն, պայքարում էր և պատրաստ էր ամեն պահի զոհաբերել իր կյանքը: Հաջորդը քրմական դասն էր` ոգեղենությունը, որը զուրկ էր նյութական բարիքներից. տարեկան ստանում էր երկու հագուստ` ամառային և ձմեռային, շաբաթական իրավունք ուներ ուտել մի կտոր միս և մի գավաթ ջրախառն գինի խմել: Չնայած նա ինքն էր պետության գլուխը, ինքն էր լուծում պետական կարևորության խնդիրները: Այսպիսին էր արիական պետության կառուցվածքը` բրգաձև: Իսկ սեմական պետությունն ունի գլանաձև կառուցվածք. պետության գլուխ կանգնած է միապետը, որի շուրջ հավաքված վերնախավն արտոնյալների դասն է: Ապա գալիս է միջին դասը` պետական պաշտոնյաները, ովքեր օգտվում են պետական բարիքներից. այսպես ասած` մեղր վաճառողը մատը լիզում է: Ապա` չքավորների դասը: Այս մարդիկ հոգով ստրուկ են, պատրաստ են իրենց ձայնը, մարմինն անգամ վաճառել մի կտոր հացի համար: – Որպեսզի մենք կարողանանք նորից հզորանալ, ոտքի կանգնել, ի՞նչ է անհրաժեշտ: – Պետք է ինքնաճանաչվենք: Միաժամանակ հասկանանք պատմության օրենքներն ու օրինաչափությունները, որովհետև այն ճշգրիտ գիտություն է: Օրինակ` Ք. ա. առաջին դարում մենք սխալ թույլ տվեցինք. պատմությունը մեր առաջ դրեց խնդիր, որը պարտավոր էինք լուծել. ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից, երբ ընկած ես երկու հզոր պետությունների արանքում: Ըստ Մովսես Խորենացու` Արտավազդ թագավորը ծուլացավ, որոշեց երկուսի հետ էլ լավ լինել, միայն թե` կռիվ չլինի: Եվ չլուծված մնացած նույն խնդիրը 2000 տարի է` ուղեկցում է մեզ. պրոբլեմը կախված է մնում մեր գլխին: Հարևանները փոխվում են, իսկ մենք կրկին երկու քարի արանքում ենք: Մենք պետք է ճանապարհ գտնենք ու հաղթահարելով դուրս գանք այս վիճակից: Հակառակ դեպքում կընկնենք մեր այն հարևանների օրին, ովքեր հեռացան պատմության թատերաբեմից: Պարզապես մենք ունենք հազարամյակների ճիշտ կյանք, դրա համար էլ մեզ դեռ ներվում է վերջին` սխալ ապրած այս 2000 տարին: – Երկար ժամանակաշրջան արիներն էին աշխարհը ղեկավարում: Հետո` սեմականները: Դա պարտադի՞ր շրջափուլ էր: – Միանշանակ: Քայլելիս աջ ոտքը գցելուց հետո պետք է գցես ձախը: Այնպես որ` անցնում է ձկան շարը, և գալիս է ջրհոսի շրջանը, նույնն է թե` նյութականության ժամանակաշրջանին փոխարինելու է գալիս հոգու ժամանակը: – Այսինքն` դա կլինի արիների՞ ժամանակը: – Բնավ` ոչ: Արիները և չարիները համապատասխանում էին այլ ժամանակաշրջանի: Նոր ժամանակներում գալիս են նոր դերակատարներ: Շատ բարդ հարց է, և դժվար է պատասխանել, թե ովքեր կլինեն նրանք: Գուցե ինչ-ինչ ազգերից ձևավորվի մի նո՞ր էթնոս: Ոչ ոք դեռ չգիտի: Բայց բանն այն է, որ տիեզերական իմպուլսները մեզ մոտ են գալիս ու մեզնից են տարածվում մյուս կողմերը: Մի՞թե պատահականություն է, որ հազարամյակներ շարունակ արգելված է եղել բարձրանալ Արարատ լեռը: Արարատը երկրագնդի անտենան է: Այսինքն ամեն ինչ սկսվելու է ա՛յս հողից: Եվ հենց այստեղից է գալիս աշխարհի գերտերությունների ու թաքնված ուժերի հետաքրքրությունը մեր նկատմամբ:
Ժամանակ առ ժամանակ մարդկությունը ստիպված է լինում վերանայել իր պատկերացումներն ու աշխարհաճանաչողական ընկալումները: Դարեր շարունակ համարվում էր, որ մարդկությունը մի մեծ ժամանակահատված ապրել է բարբարոսության ու տգիտության մեջ: Իսկ նրա հնագույն աշխարհաճանաչողական դրսևորումներն ընկալվել են որպես շրջապատի վերաբերյալ մանկական պարզամիտ պատկերացումներ և սնոտիապաշտության հետևանք: Մինչդեռ այսօր միանգամայն այլ տեսակետ է իշխում: Հատկապես լրջորեն չեն ուսումնասիրվել հին հայկական հավատալիքները. համարվել է, որ դրանք ձևավորվել են հարևան ազգերի ազդեցությամբ: Սակայն վերջին տասնամյակի ուսումնասիրությունները համադրելով մեզ հասած փոքրաթիվ տեղեկությունների հետ, կարելի է ցնցող բացահայտումներ անել:
Ճիշտ է` քրիստոնեության առաջին տարածողները կցկտուր տեղեկություններ են տվել մեր հին հավատի սրբավայրերի մասին, այնուամենայնիվ դրանք հիմք ընդունելով` կարելի է համարել, որ սրբավայրերը տեղակայված են եղել երեք մեծ տարածաշրջաններում` Արաքս, Արածանի և Արևմտյան Եփրատ գետերի ափերին: Արածանի գետի ափին էր գտնվում Իննակնի կոչվող սրբավայրը: Այս սրբավայրի մասին տեղեկություններ է թողել Զենոբ Գլակը, նա մասնակցել է և տեղի սրբավայրերի ոչնչացմանը: Նա նշում է, որ այս տարածքը նույն անվամբ սրբազան է եղել նաև պարսիկների ու հնդիկների համար:
Իսկ Ղևոնդ Ալիշանը խոսելով հին հայերի հավատքի մասին` կատարել է մի շարք կարևոր բացահայտումներ: Առաջին հերթին` Արաքս գետի ափի սրբավայրերի առնչությամբ շեշտում է, որ դրանք խորհրդանշում էին սրբազան Յոթին, Է-ին, Աստծուն: Ապա նա քննում է «աստված» բառը: Բառի նախաքրիստոնեական ծագումը հիմնավորելուց հետո Ղ. Ալիշանն այն համեմատում է հնդկական Վեդաներում հանդիպող Աստուատթան և պարսկական Ավեստայում Ասդվատ հասկացությունների հետ: Երկուսն էլ մատնանաշում են երկնային էություններ, և կարելի է նույնացնել հնդեվրոպական և համաշխարհային հավատալիքներում գոյություն ունեցող Կենաց ծառի հետ, որի ճյուղերը երկրում են, իսկ արմատները` երկնքում: Հայագետը պնդում է, որ սրբազան Յոթին նվիրվում էր հատուկ սրբավայր, որը կոչվում էր Վռամյան կրակ: Հայերը, ինչպեսև Հայկական լեռնաշխարհից դուրս եկած մյուս ժողովուրդները, աշխարհը և նրանում կատարվող երևույթները դիտում են Սուրբ երրորդության համակարգում, ուստիև հնագույն կրոններում առկա էին գլխավոր երեք աստվածությունները: Օրինակ` հնդկական Բրահման, Վիշնան և Շիվան: Հայքում` Վանի թագավորության շրջանում երրորդությունը կազմում էին Խալդին, Թեշուբին և Շիվինին: Հետագայում ևս հայերն ունեցան երկրային Սուրբ երրորդություն` Անահիտ, Նանա, Բարշամա: Եվ երկնային երրորդություն` Միհր, Վահագն, Վահէ: (Սրանք դիցուհիներ և դիցեր են. սխալ է կոչել աստվածուհիներ և աստվածներ): Կնշանակի` Աստվածն ու Կենաց ծառը մի էություն են, որը միացնում է երկինքն ու երկիրը:
Արամազդ դիցի գլխավոր սրբավայրը գտնվում էր Արևմտյան Եփրատի ափին: Այդ տարածաշրջանում էր նաև Երզնկա քաղաքը: Հավանաբար քաղաքի անունը ծագում է Էր-զնկ-կա հասկացողությունից, որը նշանակում էր Արի զնգոցը (ձայնը) կա (այստեղ է): Նշանակում է` Երզնկան եղել է Արամազդին նվիրված քաղաք: Իսկ ըստ հին հայերի` Արամազդը տիեզերական ոգու` Արայի լրաբերն էր: Սա լավ երևում է նաև Արամազդ անվան մեջ` Ար (տիեզերական ոգի), Ամ (այժմ նշանակում է տարի, իսկ հնում հավանաբար նշանակել է նաև ամբողջական), Ազդ (սրբազան լուր):
Այսպիսով կարող ենք պնդել, որ Արաքսի շրջապատը նվիրված է եղել տիեզերական Յոթին, Արածանին` Իննին, իսկ Արևմտյան Եփրատը` Ութին: Իսկ այս գետերն իրենց վտակներով սկիզբ են առնում Բյուրակնից: Կնշանակի` հին հայերը մեր հայրենիքը բաժանել են Յոթնակնի, Ութնակնի, Իննակնի և կենտրոնական` Բյուրակնի սրբազան տարածքների:
Նրանք հավատում էին, որ այս տարածքներից ավելի հեշտությամբ կարելի է կապվել տիեզերական ուժերի, տիեզերական կենտրոնների հետ: Ոչ միայն հայերը կամ Աստվածշնչի հեղինակները. հնագույն ժողովուրդները ևս սրբազան են համարել Հայաստանը` որպես մարդկության բնօրրան` դրախտ: Պարսիկներն առաջին մարդուն կոչում էին Արիման, իսկ Հնդիկները` Հայամարդա (հայ մարդ): Առավելապես սրբացվել է Մասիս սարը` որպես մարդկության փրկության վայր: Շումերները Մաշոու (Մասիս) սարը համարում էին աստվածների ժողովատեղի, այն վայրը, որտեղից նրանք խոսել են մարդկանց հետ: Նորագույն ուսումնասիրությունները, իրոք, բացահայտել են Մասիսի առանձնահատուկ լինելը: Նրանից հավասար հեռավորության վրա են գտնվում մայրցամաքների հարաբերական կենտրոնները: Մասիսն իր հիմքով ամենաբարձր լեռն է, բայց նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Մասիսի սառցադաշտի ջուրը հալվելով` ներծծվում է լեռան մեջ և տարածվում ողջ Հայկական լեռնաշխարհով: Մինչև 1840 թ. Ակոռ գյուղի մոտ բխում էր միակ աղբյուրը, որի ջուրը համարվում էր սրբազան, և ասում են` բուժում էր բազմաթիվ հիվանդություններ, անգամ, ըստ վկաների, մաշկային բորոտությունը: Երբ հայերը հեռացան տարածքից, և Ակոռը դարձավ քրդաբնակ` երկրաշարժը գյուղը ավերեց: Աղբյուրն էլ ցամաքեց:
Ակադեմիկոս Հովհաննես Դավթյանն իր «Հիմնարար դաշտի տեսությունը» գրքում ապացուցում է, որ մեր գալակտիկան ունի հատուկ դաշտ, որտեղ գրանցվում և մշակվում է ողջ գալակտիկայի ինֆորմացիան: Այդ դաշտը, որը հեղինակը կոչում է Գեոնային դաշտ, ստացած ինֆորմացիան մշակում է և ուղարկում պատասխան ինֆորմացիա: Դրանով է պայմանավորված ողջ գալակտիկայի, երկրագնդի ու մարդկության զարգացումը: Վերջին տարիներին բազմաթիվ գիտնականներ սկսել են ուսումնասիրել ջրի հատկությունները: Պարզվել է, որ ջուրը կարող է ինֆորմացիա ընդունել, կրել և փոխանցել: Հիշենք` հնագույն շրջանում մարդիկ հավատում էին, որ գոյություն ունի «անմահական ջուր», որը բուժում է բոլոր հիվանդությունները, անգամ կարող է մահացածին կենդանացնել: Մեր ընկերների օգնությամբ կարողացանք Մասիսի գագաթից սառցաջուր բերել և ուսումնասիրել: Այդ ջուրը էներգետիկ ակտիվությամբ մի քանի հազար անգամ գերազանցում էր այլ աղբյուրներից վերցված ջրերին և երկար ժամանակ չէր կորցնում այն: Իսկ Մասիս բարձրացած մարդիկ հավաստում են, որ սարի գագաթին իրենք ունեցել են անհանգստության, նաև շրջապատից առանձնացված լինելու անհասկանալի զգացում, որն անհնարին է բացատրել:
Գուցե պատահական չէ, որ ինչպես հին հայերը, այնպես էլ հետագայում Հայոց եկեղեցին արգելում էին բարձրանալ Մասիս լեռը: Մեր նախնիները լավ գիտեին (դա կարելի է գտնել նաև մյուս ազգերի առասպելներում ու ավանդույթներում), որ Կենաց ծառը նույն սրբազան երկգագաթ լեռն է, որի վրա հենվում է երկինքը: Հնդիկները պնդում էին, որ այդ երկգագաթ լեռից սկսվում են կյանքի չորս գետերը, որոնց շնորհիվ կյանքը տարածվում է ողջ երկրագնդում:
Է-ն` կենաց ծառը, հայերի պատկերացմամբ` Աստվածը, Մասիս սարն է, որը տիեզերական կենտրոնից ստանում է ինֆորմացիա` Բացարձակի խոսքը և այն փոխանցում է երկրագնդի մյուս կենտրոններին: Այս ճանապարհով տեղի է ունենում երկրագնդի և մարդկության զարգացումը` համապատասխան Բացարձակի ծրագրավորման ու համակարգման:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: